16 դեկտեմբերի 2009 - 15:23 AMT
Ստեփան Դեմիրճյան. Հավանաբար, ՍԴ-ն կորոշի, որ Արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը
«Մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացին, քանի որ այդ մերձեցումը չի կարող իրականացվել հայ ժողովրդի արժանապատվության հաշվին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ըստ Դեմիրճյանի, Հայ-թուրքական արձանագրություններում առանձնապես մերժելի է պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը, որն ուսումնասիրելու է Հայոց ցեղասպանության փաստը:

Անդրադառնալով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում ուղղումներ կատարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը` ՀԺԿ նախագահը նշել է, որ դա յուրօրինակ պատասխան էր թուրք պաշտոնյաներին: «Այդ հայտարարությունից հարկավոր չէ ակնկալել, որ Հայաստանի նախագահը միակողմանի կարգով դուրս կգա հայ-թուրքական մերձեցման այս գործընթացից»,-ասելէ Դեմիրճյանը:

Նա նաեւ հավելել է, որ, հավանաբար, ՀՀ ՍԴ-ն կորոշի, որ Արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային` Դեմիրճյանը նշել է,որ Թուրքիան Արձանագրությունների վավերացումը շաղկապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, իսկ սահմանի բացումն առանց ղարաբաղյան կարգավորման, ըստ նրա, քիչ հավանական է: