16 դեկտեմբերի 2009 - 21:00 AMT
Հայաստանի ազգային կինոկենտրոնը միջազգային համաձայնագրեր է մշակել ֆիլմերի համատեղ նկարահանումների վերաբերյալ
«2009-ի մեր գլխավոր նվաճումն այն է, որ մենք միջազգային համաձայնագրեր ենք մշակել օտարերկրյա կինոընկերությունների հետ, որոնք պետք է շուտով ստորագրվեն: Համաձայնագրերը թույլ կտան մեր երկրներին համատեղ ներդրումներ անել եւ ավելի որակյալ ֆիլմեր նկարահանել, ինչպես նաեւ թույլ կտան տարբեր երկրների դերասաններին խաղալ մեկ ֆիլմում»,-դեկտեմբերի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմի համատեղ նկարահանումների մասին, որտեղ ֆրանսիական կողմը կներդնի 650 հազար, ռուսականը` 195 հազար եւ հայկականը` 65 հազար եվրո:

«Մենք հայտեր ենք ընդունում, որոնք արժանի սցենարի եւ արդեն պատրաստի նկարահանման խմբի դեպքում գեղխորհրդի քննարկման ենք դնում, որոշելու համար հատկացնել այդ ֆիլմին միջոցներ թե ոչ»,-ասել է Գ.Գեւորգյանը:

Նա հաշվետվություն է ներկայացրել 2009թ. ՀՀ պետբյուջեից Հայաստանի ազգային կինոկենտրոնին հատկացված` 405615,3 հազար դրամ գումարի վերաբերյալ: Ըստ Գեւորգյանի, միջոցներն ուղղվել են տարբեր նախագծերի, այդ թվում նաեւ սցենարային հայտերի զարգացմանը:

Գեւորգյանը նշել է նաեւ. «Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է արժանի նախագծերը, որոնցով չեն զբաղվում պրոդյուսերները` կենտրոնը ֆինանսավորում է շատ մանկական հաղորդումներ, օրինակ, «Հայ ասպետը», «Գժուկ» երգիծական կինոհանդեսը: Նա ընդգծել է, որ շատ ֆիլմեր, որ նկարահանվել են կենտրոնի միջոցներով, կմասնակցեն փառատոների: Դրանց թվում է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը, որը կմասնակցի Բեռլինի փառատոնին: Նախատեսվում է նաեւ ֆիլմեր գործուղել Արգենտինայի, Ռումինիայի, Միավորված Էմիրատների եւ իհարկե Ռուսաստանի փառատոներին:

Գեւորգ Գեւորգյանը հավելել է, որ 2009թ. ամենահաջող ֆիլմը Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն էր, որը 10-ից ավելի պարգեւներ ստացավ: Երկրորդ տեղում էր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: