17 դեկտեմբերի 2009 - 15:09 AMT
Դեկտեմբերի 17-ին կայացավ Հայաստանի Պատմության թանգարանի նոր ցուցասրահի բացումը
Դեկտեմբերի 17-ին կայացավ Հայաստանի Պատմության թանգարանի նոր ցուցասրահի բացումը, որտեղ ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում ավելի քան 100 տարի շարունակվող պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշների արժեքավոր հավաքածուն:

«Ցուցահանդեսում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք թվագրվում են մ.թ.ա 200 000-1000թթ.: Առաջին անգամ ցուցադրվում են հին քարե դարի եւ բրոնզե դարի բոլոր շրջանների ավելի քան 1200 ցուցանմուշներ 200 հնագիտական վայրերից: Հավաքածուն արժեքավոր է նրանով, որ բոլոր իրերը գտնվել են հենց Հայաստանի տարածքից, ինչը մեզ կօգնի ավելի քան երբեւէ լավ ճանաչել մեր երկրի պատմությունը»,- նշեց Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

Նրա խոսքով, ցուցասրահի տարածքը կազմում է 1500 քառակուսի մետր, բայց մինչեւ գարուն այն կընդլայնվի: Նոր տարածքում կներկայացվի մինչեւ 7-րդ դարի, այսինքն ուրարտական, բյուզանդական, հելլենիստական ու քրիստոնեական շրջանների հայկական մշակույթը: Պատմության թանգարանի պահեստում ներկայումս ավելի քան կես միլիոն հնագիտական, ազգագրական ու փաստագրական ցուցանմուշներ կան: Ցուցահանդեսն այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի գործիչներ ու այլ հայտնի անձինք: