17 դեկտեմբերի 2009 - 15:57 AMT
ՀԲ-ը Հայաստանում 2010 թ. 1.5% աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2010 թ. տնտեսական աճը կկազմի 1.5%, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է տնտեսական ճգնաժամից հետո: Մենք սպասում ենք, որ Հայաստանում այդ վերականգնումը կլինի աստիճանաբար, իսկ հաջորդ տարի ՀՆԱ աճը նախատեսվում է 1.5 %», - ասել է նա:
Ինչպես նշել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը, Հայաստանում 2010 թ. տնտեսության աստիճանաբար աճի հիմնական պատճառն այն է, որ մինչ օրս հանրապետության տնտեսական աճն ապահովվել է շինարարոթյան բնագավառի հաշվին: Նա հիշեցրեց, որ դեռեւս կան անավարտ շենքեր, նոր կառույցված բազմաբնակարան շենքերում` չվաճառված բնակարաններ, մասնավորապես` Հյուսիսային պողոտայում, այդ պատճառով, քանի դեռ չեն ավարտվել շինարարությունը եւ բնակարանների վաճառքը, դժվար է կանխատեսել ու սպասել տնտեսության ավելի արագ վերականգնում Հայաստանում:
Ինչ վերաբերում է արժեզրկմանը, ապա, ըստ նրա, Հայաստանում 2010 թ. սպասվում է, որ այն նույնպես կլինի համաչափ` կենտրոնական բանկի սահմանած նպատակային ցուցանիշի շրջանակներում:
Հայաստանի պետբյուջեում տնտոեսական աճը ծրագրված է 1.2 % -ի չափով, իսկ արժեզրկումը` 4+ 1.5 %: