18 դեկտեմբերի 2009 - 15:49 AMT
«Ամերիա» ՓԲԸ-ն եւ Breckenhill-ը մշակում են ՀՀ կառավարության գործունեության մոնիթորինգի համակարգ
«Ամերիա» ՓԲԸ-ը Breckenhill կանադական խորհրդատվական ընկերության հետ միասին ներգրավված է արդյունավետ պետական կառավարման համակարգի մշակման նախագծի իրականացման գործում` գործող եւ օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով: Նախագծի ֆինանսավորումն իրականացնում է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամը, ասված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Նախագծի նպատակն է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ: Կառավարության աշխատակազմում եւ 6 նախարարություններում (առողջապահության, էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման, կապի եւ հաղորդակցության, ֆինանսսների նախարարություններում) այս համակարգի ներդրման գործում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Նախագծի ընդհանուր տեւողությունը 18 ամիս է:

Նախագծի իրականացման արդյունքում կատարելագործվելու են նախարարություններում գործընթացների վերլուծություն` ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում աշխատանքային ծրագրերի մշակման, գործունեության կառավարման ցուցանիշների մշակման եւ կատարողականի գանհատման իրականացման համար: Նախագիծը կնպաստի, որպեսզի պետական հիմնարկներում առավել արդյունավետ աշխատանք ապահովվի: Հետագայում, նախագծի շարունակականությունն ապահովելու համար, այն կներդրվի պետական այլ կառույցներում եւ հիմնարկներում: