18 դեկտեմբերի 2009 - 19:52 AMT
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը քննարկեց ՀՀ քաղաքական գործունեության թափանցիկության մասին հայեցակարգը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների կատարման ընթացքի մասին խորհրդի անդամների հաղորդումները, ինչպես նաեւ որոշվել է համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 2009 թ. հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման 5-րդ կետի պահանջների` մինչեւ 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության 2009 թ. միջոցառումների իրականացման արդյունքները:

Քննարկվել են ՀՀ քաղաքական գործունեության թափանցիկության մասին հայեցակարգի նախագիծը եւ դրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերի հիմնական դրույթները: Հանձնարարվել է Եվրամիության խորհրդատվական խմբի հետ եւս մեկ անգամ անդրադառնալ հիշյալ հայեցակարգի դրույթներին եւ դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել են նաեւ «ԳՐԵԿՈ»-ի (Կոռուպցիայի դեմ պայքարի գծով պետությունների խմբի) առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Հանձնարարվել է վարչապետին ներկայացնել պարտավորությունների կատարման ժամանակացույց: