19 դեկտեմբերի 2009 - 18:13 AMT
Հայաստանում կքննարկվեն գենդերային հավասարության հասնելու հեռանկարները
Դեկտեմբերի 21-23 Հայաստանի Ծաղկաձոր հանգստյան գոտում տեղի կունենա Հայաստանում կանանց ու տղամարդկանց միջեւ իրավահավասարության զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով:

Խորհրդաժողովում զեկույցներով հանդես կգան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի եւ մասնաճյուղերի ղեկավարներ, գիտական ինստիտուտների եւ կենտրոնների ներկայացուցիչներ, այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից: Խորհրդաժողովի աշխատանքներին հրավիրված են մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հանրապետության գործադիր իշխանության մարմինների, միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի նպատակն է պարզել Հայաստանում գենդերային հավասարության զարգացման ճանապարհները, ինչպես նաեւ ուսումնասիրել գենդերային հավասարությունը ՄԱԿ-ի եվ Եվրոպական կառույցների քաղաքականության մեջ եվ ռազմավարությունում, գենդերային հավասարության հասնելու պետական քաղաքականության հիմքերը եվ սկզբունքները, մասնակցային ժողովրդավարությունը` իշխանական կառույցները եվ քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Խորհրդաժողովի կազմակերպիչը Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան է «Համագործակցություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության հետ համատեղ: