21 դեկտեմբերի 2009 - 15:46 AMT
2009 թվականը Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր
2008թ. մարտի 1-ի ճգնաժամից հետո 2009 թվականը դարձավ քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստանից» ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանի կոալիցիոն եւ ընդդիմադիր ուժերի համատեղ աշխատանքի շնորհիվ, Հայաստանը կարողացավ հաղթահարել քաղաքական ճգնաժամը:

«Չնայած նրան, որ անելիքները դեռեւս շատ են, կարեւորն այն է, որ ճիշտ ուղի է ընտրված»,-ասել է Զոհրաբյանը` հավելելով, որ գուցե Հայաստանը ետ է մնում տնտեսության վերականգնման տեմպերով, սակայն «արդեն 2010թ,. մենք կարող ենք հասնել քաղաքական եւ տնտեսական կայունության»:

«Կարող եմ ասել, որ 2009-ը բավական հագեցած տարի էր»,-ասել է Զոհրաբյանը` կարեւորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը: «Գործընթացը նոր էջ բացեց հարեւան երկրների հետ հարաբերությունների հաստատման մեջ»,-ասել է Զոհրաբյանը: Ընդ որում նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել: Ն.Զոհրաբյանը նաեւ վստահություն է հայտնել, որ գործընթացները դրական ելք կունենան:
Անդրադառնալով ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին` Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ այն արդեն շրջանառության մեջ է: «Այդ ոլորտը կանոնակարգման կարիք ունի»,-ասել է նա` նշելով, որ հարկավոր է հաղթահարել խոսքի ամենթողությունը, երբ հաճախ ԶԼՄ-ները վիրավորում են մարդու արժանապատվությունը:
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մշակել է օրինագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ԶԼՄ-ների մասին» օրենքում: Այդ օրինագիծը պայմանավորված էր լրագրողների իրավունքների, պարտավորությունների եւ պաշտպանվածության խնդիրներին վերաբերող հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ: Օրնագծի մշակման ժամանակ որպես հիմք է ընդունվել ՌԴ-ի, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքները: Օրինագիծը լրամշակվել է Հայաստանի կառավարությունում 18.16.2009թ. արված առաջարկների եւ դիտողությունների հիման վրա: Կառավարության 16 առաջարկություններից 13-ն ընդունվել են: