21 դեկտեմբերի 2009 - 15:49 AMT
Վերահսկողության ծառայություն. ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարական գրասենյակների գործունեությունը ըստ հարկի չի վերահսկել
Հայաստանի արդարադատության նախարարությունը, որը նոտարական գրասենյակների գործունեությունը վերահսկող լիազոր մարմին է, 2009 թ. մի շարք բացթողումներ է թույլ տվել այդ ուղղությամբ: Ինչպես հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը` Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, բացթողումների մասին վկայում են ծառայության կատարած ստուգումները:

«2009 թ. ընթացքում ստուգվել է ընդամենը մեկ նոտարական գրասենյակ, որն իրենից որեւէ կարգապահական հետազոտում չի ներկայացնում: Մինչդեռ 10 նոտարական գրասենյակում կատարած ծառայության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ», - ընդգծել է ծառայության պետը: Նրա խոսքերի համաձայն, բացահատվել են 150 դեպք, երբ գործարքներ են կատարել այնպիսի անձինք, որոնք չեն ունեցել համապատասխան լիազորություն եւ կադաստրի որեւէ տեղեկանք:

Ինչպես հայտնել է հովհաննես Հովսեփյանը, բացահայտված բացթողումների արդյունքում 5 նոտարական գրասենյակի հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել: Կրկնակի ստուգումներից հետո իրավախախտումներ են բացահայտվել եւս 5 նոտարական գրասենյակներում:

Վերահսկողության ծառայությունը լուրջ խախատումներ է բացահայտել նաեւ հանրապետության բուհերում: Մասնավորապես մի բուհից մեկ այլ բուհ ուսանողների տեղափոխման գործընթացը ուղեկցվել է բազմաթիվ իրավախախտումներով: «Դեպքեր են եղել, երբ ուսանողը ոչ մի քննություն չի հանձնել տեղափոխման համար», - նկատել է Հովհաննես Հովսեփյանը:

Նա նաեւ նշեց ՀՀ բարձր որակավորման հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտված խախատումների մասին. «Մասնավորապես, հանձնաժողովը իրավական ակտ է կազմել, որը չի գրանցել ՀՀ արդարադատությունը», - նշել է ծառայության պետը: