21 դեկտեմբերի 2009 - 16:27 AMT
Մանվել Բադեյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է անվանել «դիրքերի պատերազմ»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններում կետեր կան, որոնք ձեռնտու չեն հայկական կողմի համար եւ պարտադրվել են Հայաստանին ու Թուրքիային: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ազգային Ժողովի եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանվել Բադեյանը:

«Գոյություն ունի՞, արդյոք, քաղաքական մի ուժ, որը համարում է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է կարգավորվեն: Ժամանակը մեր դեմ է, եւ որքան շուտ մենք ձեւավորենք հայ-թուրքական հարաբերությունները, այնքան լավ` մեզ համար», - ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

«Ամբողջ հարցն այն է, թե մենք որպես ազգ պատրա՞ստ ենք Թուրքիայի մարտահրավերներին դիմակայելու», - նշել է պատգամավորը: Նա նշել է, որ Հայաստանը չի պարտվել նախաձեռնողական պատերազմում, այլ հակառակը, Հայաստանն ունի մեծ ներուժ, որպեսզի դիմակայի հնարավոր ճնշումներին:

Մանվել Բադեյանի խոսքերի համաձայն, թեեւ հայ-թուրքական արձանագրություններում խոսք չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դժվար է խուսափել այդ հարցի քննարկումից:

Հայ-թուրքական երկխոսության ներկա փուլը պատգամավորը բնութագրել է որպես «դիրքորոշման պատերազմ»: «Կողմերից յուրաքանչյուրը փորձում է ամրապնդել իր դիրքերը եւ ամեն պահի նրանցից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից», - ասել է Մանվել Բադեյանը: