22 դեկտեմբերի 2009 - 18:43 AMT
Լարիսա Ալավերդյան. Հայ ժողովուրդը սկսում է հասկանալ, թե ինչ բան են Արձանագրությունները
«Ես բարձր եմ գնահատում «Ժառանգության» սկզբունքայնությունը հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, կուսակցությունը միակն էր, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունից անմիջապես հետո` ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ներկայացրեց ծրագրային թեզիսները:

«Ցանկացած պետություն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարեւան երկրների հետ: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի այդ հարաբերությունների գինը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ Հայաստանը ստիպված է լինելու վճարել իր ապագայով: Ընդ որում, նա ընդգծեց, որ կուսակցությանը հաջողվեց այդ միտքը հասցնել լայն զանգվածներին:

Ալավերդյանը հաղորդեց նաեւ, որ «Ժառանգությունը» շարունակելու է իր գործունեությունն այդ ուղղությամբ, եթե անգամ Արձանագրությունները վավերացվեն: Նրա խոսքով, դրա նպատակն է ժողովրդին հասկացնել, որ փաստաթղթերն անգամ վավերացված տեսքով չեն արձագանքում նրանց շահերին:

«Ոչ միայն Սփյուռքը, այլեւ հայ հասարակայնությունը տեղեկացվածության շնորհիվ օրեցօր ավելի շատ է հասկանում, թե ինչպիսի թակարդ են իրենցից ներկայացնում Արձանագրությունները»,- ընդգծեց նա` նշելով, որ ժողովուրդը պետք է մերժի նման փաստաթղթերի վավերացումը: