22 դեկտեմբերի 2009 - 19:29 AMT
Թբիլիսիի ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը կարող է նոր բախումների հանգեցնել
Թբիլիսիի ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը կարող է նոր բախումների հանգեցնել հարեւան երկրների հետ: Այդ մասին «Վրաստանի Քութաիսի քաղաքում «Փառքի հուշարձանի« պայթեցումը» թեմայով Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ, փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
«Այսօր վրաց իշխանությունները թույլ չեն տալիս, որ Ջավախքի տարածք մուտք գործեն հայալեզու գրքերն ու ամսագրերը»,-ասել է Է.Աբրահամյանը` հավելելով, որ վրաց հանրությունը պարտավոր է փոխել իրավիճակը եւ կասեցնել երկրի ղեկավարության քաղաքականությունը:
Անդրադառնալով «Փառքի հուշարձանի» պայթեցմանը` փորձագետն ընդգծել է, որ հայ հանրությունը ցնցված էր այդ փաստից եւ Վրաստանի տարածքում նման երեւույթները նորություն չեն Հայաստանի համար: Ըստ Աբրահամյանի, արդեն 20 տարի է, ինչ հայկական կողմը բախվում է Վրաստանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացման, պղծման ու յուրացման խնդրի հետ:
Պայթեցվել է Քութաիսի «Փառքի հուշարձանը», որը նվիրված էր Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Պայթեցումը, որն արդեն իսկ հանցավոր են համարել Ռուսաստանում եւ Վրաստանում, զոհերի պատճառ է դարձել: Զոհվել է 8-ամյա մի աղջիկ եւ նրա մայրը, տուժել են եւս մի քանի հոգի: