22 դեկտեմբերի 2009 - 20:10 AMT
2007 թ.-ից սկսած պետական գույքի վարձակալման եւ սեփականաշնորհման գործընթացը իրականացվում է խախտումներով
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստանի վերահսկիչ պալատի նիստի ժամանակ լսվեց Վերահսկիչ պալատի 8-րդ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի զեկույցը` ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից հատկացված միջոցների եւ բյուջեի մուտքերի ապահովման վերահսկողության մասին:

Գրիգոյանի խոսքերի համաձայն, այս բնագավառում հիմնականում 2007 թ.-ից մինչեւ 2009 թ. առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում պետգույքի սեփականաշնորհման ու վարձակալման գործընթացի վերահսկողություն է անցկացվել, որից պարզվել է, որ պետգույքի վարձակալման եւ սեփականաշնորհման բնագավառում խախտումներ են կատարվել ընդհանուր 267.103 հազ. դրամ գումարի: «Արդեն այդ գումարները հետ վերադարձնելու ցուցակ է կազմվել», - ընդգծել է նա:

ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից տրված միջոցների վերահսկողության անցկացման մասին զեկույցը հաստատել էր Վերահսկիչ պալատի խորհուրդը:

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտեն 2009 թ. իրենց ծրագիրը: «2010 թ. ապրիլին մենք ՀՀ ԱԺ կներկայացնենք զեկույցի վերջնական տարբերակը` 2009 թ. ընթացքում իրականացված ծրագրերի վերաբերյալ», - նշել է Զաքարյանը: