22 դեկտեմբերի 2009 - 20:19 AMT
Հայաստանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը փորձում է ապահովագրել երկրի իշխանություններին քննադատությունից
Հայաստանի Ազգային ժողովի հատուկ կոմիտեի 2008թ. մարտի 1-2 իրադարձությունների հետ կապված հանձնարարականները համապարփակ են, սակայն անավարտ: Այդ մասին ասվում է Հայաստանի գծով ԵԽԽՎ դիտարկման խմբի զեկուցողների հայտարարության մեջ, որը վերաբերում է մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությանը:

Զեկույցում Կոլոմբիեն ու Պրեսկոտը նշել են, որ հանձնաժողովի եզրակացությունն այնպիսի տպավորություն է թողնում, թե արվել է հնարավորը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական տեսակետին չընդդիմանալու համար: «Հանձնարարականները միակողմանի են եւ տպավորություն է ստեղծվում, որ կոմիտեն փորձում է ապահովագրել երկրի իշխանություններին քննադատությունից»,-ասվում է Ջոն Պրեսոկտի եւ Ջորջ Կոլոմբիեի հայտարարության մեջ:

Համազեկուցողները նաեւ ափսոսանք են հայտնել, որ մահվան 10դեպքերի հետաքննությունը այդպես էլ որոշակի արդյունքների չհանգեցրեց: Նրանք կոչ են արել, որ ՀՀ խորհրդարանը շարունակի քննել, թե ինչպես են կյանքի կոչվում զեկույցի հանձնարարականները, ինչպես նաեւ, նշել են, որ իրենք եւս կհետեւեն այդ հարցին, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: