22 դեկտեմբերի 2009 - 20:23 AMT
2009-ից Հայաստանի Կրթության նախարարությունը սկսել է պատրաստվել 2011թ. կրթական ճգնաժամին
«2009-ից մենք սկսել էինք պատրաստվել 2011թ. կրթական ճգնաժամին: Քանի որ մենք գրեթե շրջանավարտ չենք ունենալու 2011-ին, բուհերում զանազան ամբիոնների պահպանման խնդիր կառաջանա»,- դեկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, 2012-ին ավելի շատ շրջանավարտներ են լինելու, եւ համապատասխանաբար բուհերում տեղերի քանակի առաջացման անհրաժեշտություն առաջ կգա:

«Բուհերը պետք է տնտեսման սկզբունքով աշխատեն այդ ուղղությամբ եւ 2012-ին կարողանան շրջանավարտների մեծ հոսք ընդունել: Մենք բոլորս պետք է հաղորդակցվելով գործենք եւ պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել անցումային շրջանը կրթության ոլորտում բարեփոխումների վերջնական ընդունման ու իրականացման համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց նաեւ, որ պետական ատեստացիայի համակարգում պետք է հսկողության ավելի խիստ մեխանիզմ գործի եւ ծնողներին կոչ արեց չհավատալ այն խոստումներին, որ իրենց երեխաներն անօրինական կերպով անցնելով բարձր դասարան ժամանակից շուտ կավարտեն դպրոցը: «Դա անօրինական է եւ անհնար է: Մենք նման 3 դեպք ենք հայտնաբերել ու կանխել»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը: