23 դեկտեմբերի 2009 - 17:55 AMT
Ապրիլը ցույց կտա` արդյոք Թուրքիան Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ցանկությունը ազնվորե՞ն էր հայտնում
2010 թ. մարտ-ապրիլ ամիսներին հայտնի կդառնա` Թուրքիան այս ամբողջ ժամանակ կեղծում էր, թե՞ իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Մարկարովը:

«Եթե Թուրքիան փորձի ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կարող է օգտվել միջազգային իրավունքով իրեն տրված հնարավորությունից եւ հայտարարել, որ Թուրքիան չի հետեւում գործընթացի պայմանավորվածությանը եւ կարող է բանակցությունները դադարեցնել», - ասել է քաղաքագետը:

Կանխատեսելով 2010 թ. սկզբին քաղաքական ակտիվություն, Ալեքսանդր Մարկարովը հայտարարել է, որ այդ ակտիվությունը պայմանավորված է լինելու արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ դրան հետեւող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներով: