23 դեկտեմբերի 2009 - 19:06 AMT
Հայաստանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը իսկ չինական պատվիրակությունը` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային, երկկողմանի հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման եւ անցկացման, տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ այլ ոլորտների վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտի եւ գործարկման հարցերը:

Չինաստանի պատվիրակությանը ընդունեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարի տեղակալը նշեց հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գոհունակություն հայտնեց քաղաքական խորհրդատվությունների հաջող ընթացքից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: