24 դեկտեմբերի 2009 - 14:55 AMT
Հայ-թուրքական մերձեցումը սառեցրել է ղարաբաղյան կարգավորումը
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սառեցրել է ղարաբաղյան կարգավորումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կարգավորման սառեցումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ֆոնի վրա բնական երեւույթ է:

Խոսելով այն մասին, թե ինչպես կազդեն Արձանագրությունները ղարաբաղյան հակամարտությանը, Իսկանդարյանը նշել է, որ այդ հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ:

«Ադրբեջանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կուժեղացնի Հայաստանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի դիրքի թուլացմանը, եւ համապատասխանաբար Երեւանի դիրքի ուժեղացմանը ղարաբաղյան հարցում», - ընդգծել է նա:

Նրա խոսքերով, հենց դրանով է պայմանավորված Բաքվի անհանգստությունը: Իսկանդարյանի կարծիքով Թուրքիան երկխոսության մեջ մտավ Հայաստանի հետ հաշվի չառնելով Ադրբեջանի կողմից հակազդեսությանը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Ադրբեջանը այն ուժն է, որը կարող է կասեցնել հայ-թուրքական մերձեցումը»: