25 դեկտեմբերի 2009 - 18:25 AMT
Հայաստանի մշակույթի նախարարը դժգոհ է թատրոնի եւ տպագրության ոլորտների աշխատանքից
«Հայաստանի մշակույթի նախարարությունը դժգոհ է թատերական եւ տպագրական ոլորտների աշխատանքից: Առաջին ոլորտում 2009 թվականին լուծում չստացան մի շարք գլոբալ խնդիրներ, իսկ երկրորդում` մտածելով քանակի մասին, մոռացան բովանդակության եւ տպագրության որակի մասին»,-հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամլո ասուլիսում:

Ըստ նրա, թատրոնի եւ տպագրության ոլորտներում հարկավոր է փոփոխություններ կատարել աշխատանքի սկզբունքների մեջ եւ որոշել առաջնայնությունները:

«Գալիք տարում նախարարությունը միջոցներ կձեռնարկի իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,-ասել է Հ.Պողոսյանը:

Անդրադառնալով թատրոնի ոլորտին` նախարարը նշել է. «Ես կարծում եմ, որ Երեւանի պետական երիտասարդական փորձարարական թատրոնը վաղուց արդեն չի համապատասխանում իր կոչմանը, իսկ «Գոյ» թատրոն-լաբորատորիան արդեն կայացել է, եւ ոչ միայն այդ երկու թատրոնների, այլ նաեւ հանդիսատեսի համար ճիշտ կլինի նրանց միավորումը»: