28 դեկտեմբերի 2009 - 12:25 AMT
Երեւանում տեղի կունենա «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Դեկտեմբերի 29-ն «Նարեկացի» արվեստների կենտրոնում տեղի կունենա «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Հովիկ Հախվերդյանի 50 րոպեանոց ֆիլմը պատմում է հայ միջնադարյան բանաստեղծ եւ փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու մասին: Ցուցադրությունից հետո հանդիսատեսը հնարավորություն կստանա հարցեր տալ ֆիլմի ռեժիսորին:

Գրիգոր Նարեկացին (915-1003) մեծ հայ բանաստեղծ է, փիլիսոփա, աստվածաբան: Գիտնական եւ եկեղեցիական գրող Խոսրով Անձեւացու որդին էր: Ուսանել է Ռշտունի նահանգում` Նարեկի վանքում: Մինչեւ կյանքի վերջ դասավանդել է այդ վանքում: Բազում գանձերի (Աստծուն եւ սրբերին ձոնված օրհներգեր) եւ տաղերի (երգեր) հեղինակ է: Նրա «Մատյան ողբերգության» պոեմը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Համաշխարհային գրականության մեջ պոեմի կենտրոնում առաջին անգամ հանդես է գալիս մարդը: