28 դեկտեմբերի 2009 - 21:01 AMT
«Ժառանգությունը» առաջարկում է միջոցառումների ծրագիր, որը նվիրված է Բաքվի հայերի ցեղասպանությանը
Դեկտեմբերի 28-ն Օրերս ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ՀՀ կառավարությանն ու ՀՀ ԱԺ ղեկավարությանն է ուղարկել նամակ, որում ներկայացրել է իր առաջարկությունները Բաքվի հայերի ցեղասպանության եւ դեպորտացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Ստորեւ ներկայացվում են այդ առաջարկությունները:

Իր նամակում Լարիսա Ալավերդյանը առաջարկում է հունվարի 13-19-ը կազմակերպել տարբեր միջոցառումներ, որոնք ընդգրկում են հավաքների, կլոր սեղանների, ֆոտո ցուցահանդեսների կազմակերպումը, «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրումը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եւ այլն:

Նրա կարծիքով անհրաժեշտ է նաեւ կազմակերպել գիտաժողովներ փախստականների, արտասահմանյան գիտնականների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Առաջարկվում է գրավոր ուղերձով դիմել Հայաստանում արտասահմանյան դեսպանատներին եւ ներկայացուցչություններին, որի մեջ պետք է հարց բարձրացվի Ադրբեջանի պատասխանատվության մասին: