7 հունվարի 2010 - 15:34 AMT
Կոստանդնուպոլսյան պատրիարքի համակառավարչի պաշտոնին երկու եպիսկոպոս են հավակնում


ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը եւ եպիսկոպոս Գարեգին Բեկչիյանն առաջադրել են իրենց թեկնածությունները ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի համակառավարչի պաշտոնում: Նոր պատրիարքն այդ պաշտոնը զբաղեցնելու է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ միասին, որն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները հիվանդության պատճառով:

Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, 6 հավանական թեկնածուներից երկու եպիսկոպոսներն էլ դրական պատասխան տվեցին Կոստանդնուպոլսյան պատրիարքի նամակին, որը նրանց հասցեագրված էր պարզելու համար, թե արդյոք նրանք ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի պաշտոնում, թե ոչ: Կոստանդնուպոլսի պատրիարք ընտրվելու համար պարտադիր պայման է թուրքական քաղաքացիությունը:

Դեկտեմբերի սկզբին Ստամբուլի հայկական համայնքը դիմեց քաղաքապետ Մուամմեր Գյուլերին նոր պատրիարք ընտրելու համար թույլտվություն ստանալու նպատակով: Թուրքիայի սահմանադրության համաձայն կրոնական փոքրամասնությունները չեն կարող ուղղակիորեն ընտրել հոգեւոր առաջնորդին, այլ պետք է միայն իրենց թեկնածությունն առաջարկեն կառավարությանը հաստատման համար: