7 հունվարի 2010 - 17:59 AMT
The New York Times-ը հոդված է հրապարակել է Ֆեթիե Չեթինի մասին


The New York Times-ը հրապարակել է «Վաթսունամյա քողարկումից բացահայտված տոհմածառ» հոդվածը թուրք փաստաբան Ֆեթիե Չեթինի հայկական ծագման մասին: Հրապարակման մեջ հոդվածի հեղինակը պատմում է, որ միայն ուսանողական տարիներին Չեթինն իմացավ, որ իր տատիկը հայուհի է եղել, որը մազապուրծ է եղել ցեղասպանությունից եւ որին որդեգրել է թուրք զինվորականը:

«Չեթինը պարզել է, որ իր տատիկը եղել է այն հազարավոր հայ երեխաներից մեկը, որոնց թուրքերը որդեգրել են 1915-1918թթ. Ցեղասպանության ժամանակ, այն դեպքում, երբ նրա ծնողները, խուսափելով կոտորածցից, հասել են ԱՄՆ»,-գրում է թերթը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` Չեթինը նշել է, որ թուրքական հասարակության մեծամասնությունը չգիտի, թե ինչ է պատահել 1915թ.: «Երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է բացել սահմանը երկու երկրների միջեւ»,-ասել է Չեթինը:

Չեթինի տատիկը մահացել է 2000թ.: 2004-ին Չեթինը հրապարակեց իր հիշողությունները տատիկի մասին: Գրքում նա չի օգտագործում Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, քանի որ, ըստ նրա, այդ բառեզրը խանգարում է ժողովրդների հաշտեցմանը: 2006-ին, երբ սկսվեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինգի դեմ դատավարությունը. Ֆեթիե Չեթինը դարձավ նրա փաստաբանը: Դինքի սպանությունից հետո նա Դինքի ընտանիքի փաստաբանն է: