9 հունվարի 2010 - 16:20 AMT
Լյուդմիլա Սարգսյան. «Հնչակյան» կուսակցությունը եղել եւ մնում է ՀԱԿ շարքերում»


Հունվարի 9-ին Երեւանում տեղի ունեցավ ՍԴ Հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության 7-րդ համագումարը: Համագումարին ներկա էին ՀԱԿ բոլոր անդամ կուսակցությունների ղեկավարները, դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը եւ Հայաստանի էքսնախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մասնակցում էին նաեւ ՍԴՀԿ տարածաշրջանային շրջանակների 50 պատվիրակներ, որոնք էլ պետք է ընտրեն կենտրոնական նոր վարչություն եւ կուսակցության ղեկավար:

Կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը հանդես է եկել զեկույցով, որով իր համոզվածությունն է հայտնել այն մասին, որ կուսակցության մի քանի անդամների վերջին փորձերը` կուսակցության քանդմանն ուղղված, հաջողությամբ չեն պսակվել: «Մեր կուսակցությունը եղել եւ մնում է ՀԱԿ շարքերում, դրանով իսկ իր մեծ ավանդը ներդնելով երկրում սահմանադրական կարգն ու ժողովրդավարությունը վերականգնելու գործում», - նշել է նա:

Լ. Սարգսյանը նշել է, որ նախկին եւ այսօրվա մեր երկրի ղեկավարների անխոհեմ կառավարման պատճառով Հայաստանն աշխարհում կորցրել է իր ինքնուրույնությունը: «Իսկ երկրի ներսում իշխում է ոստիկանական բռնատիրությունը», - նկատել է Լյուդմիլա Սարգսյանը:

Վերադառնալով ներկուսակցական հիմնախնդիրներին, նա նշել է, որ կուսակցության որոշ անդամներ «մոլորվել են եւ գնում են սխալ ճանապարհով», «բայց եթե նրանք ուշքի գան` կուսակցության դռները նրանց առջեւ բաց են»: