11 հունվարի 2010 - 17:53 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ շահերից է բխում


Եթե ամերիկյան վարչակազմը որոշել է ճնշում գործադրել հայկական կազմակերպությունների վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա նա սխալվել է իր հաշվարկներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության Ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Ամերիկայի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությունը:

«ԱՄՆ իր նեղ կոնյուկտուրային շահերն ունի Թուրքիայի հետ, բայց հենց Վաշինգտոնի շահերից է բխում Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասաց Սաֆրաստյանը:

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Ամերիկայի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդատվություններ կանցկացնի: Խորհրդատվություններին մասնակցելու համար Պետքարտուղարի կողմից հրավիրված են ԱՀՀ-ն, Համահայկական Բարեգործական Միությունը (ՀԲՄ), ԱՄՆ-ում Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան թեմերը, «Վարդանի ասպետներ» կազմակերպությունը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ):