11 հունվարի 2010 - 18:16 AMT
Արամ Կարապետյանը չի բացառում, որ ՀՀ ՍԴ կարող է դադարեցնել Արձանագրությունների քննարկումը


«Այսօրվա ցույցը, իհարկե, չի ազդի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վրա, բայց, անկասկած, կանդրադառնա հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման ընդհանուր գործընթացի վրա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, ով մասնակցում է ՀՅ Դաշնակցության համատեղ ցույցին Երեւանում` Շահումյանի հրապարակում: Կարապետյանի կարծիքով, եթե այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի առաջ տանել մի շարք թուրքական նախապայմանների լուծումը, այդ դեպքում ՀՀ ՍԴ կարող է «սառեցնել» տվյալ հարցի դիտարկումը:

Հունվարի 12-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա: Առաջիկա այցի ընթացքում քննարկվող հարցերից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի լուծումը թուրքական կողմը որպես նախապայման է առաջադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: