11 հունվարի 2010 - 20:48 AMT
ՀՅԴ-ն ՀՀ ՍԴ-ից պահանջում է հայ-թուրքական Արձանագրությունները հակասահմանադրական ճանաչել


Հունվարի 11-ին հայ-թուրքական Արձանագրությունների դեմ ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) կողմից կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ Հայաստանի ՀՅԴ Բարձրագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանը ցույցի բոլոր մասնակիցների անունից նամակ հանձնեց ՀՀ ՍԴ ներկայացուցչին:

Ինչպես իր ելույթում նշեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, նամակում պարունակվում է իրավաբանորեն հիմնավորված եզրակացությունը, որում մատնանշվում է, որ ստորագրված հայ-թուրքական Արձանագրություններն իրենց մեջ թուրքական կողմի նախապայմաններն են կրում եւ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար:

Ռուստամյանը նշեց, որ հայ-թուրքական Արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ այդ փաստաթղթերի կազմման ու ստորագրման գործընթացում չեն պահպանվել բոլոր համապատասխան գործընթացները, որոնք նախատեսված են «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով:

Պատգամավորի խոսքով, Արձանագրություններում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման հիմնական առարկան մնում է սահմանի երկկողմ ճանաչումը, ինչը Հայաստանի իշխանությունները ժխտում են: «Եթե դա այդպես չէ, ապա ՀՀ ղեկավարությունը պետք է հանդես գա Արձանագրություններրի` երկու երկրների սահմանների ճանաչմանը վերաբերող կետի մասին վերապահումով»,- նշեց Ռուստամյանը: Նա ավելացրեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները ձեռնպահ են մնում այդ քայլից, քանի որ սահմանների ճանաչումն այդ փաստաթղթերի շրջանակներում կարգավորման հիմնական հարցն է»,- ընդգծեց նա:

Ինչպես նկատեց Արմեն Ռուստամյանը, Սահմանադրական դատարանին հասցեագրված նամակում առաջարկվում է Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան կամ մասնակիորեն համապատասխանող ճանաչել, որպեսզի Հայաստանի կառավարությունը համապատասխան վերապահումներ կատարի այդ փաստաթղթերի վերաբերյալ: «Եւ միայն դրանից հետո Հայաստանը կարող է նոր տողից սկսել բանակցությունները Թուրքիայի հետ»,- ընդգծեց նա: