12 հունվարի 2010 - 13:46 AMT
«Ժառանգությունը» պիկետ է կազմակերպել ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի առջեւ
«Ժառանգություն» կուսակցությունը պիկետ է կազմակերպել ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի առջեւ, որտեղ ցուցադրաբար թռուցիկներ են այրվում, որոնց վրա գրված է` «Ոչ` հայ-թուրքական արձանագրություններին եւ Մադրիդյան սկզբունքներին»,-հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: Մարդիկ կանգնած են պաստառներով, որոնց վրա պատկերված են Հայաստանի եւ Մեծ Հայաստանի քարտեզները: Մասնակիցներից մեկը պատռել է այն պաստառը, որի վրա պատկերված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, պաստառի տակ գրված էր` «Իշխանություններն ականջալուր չեն լինում ժողովրդի կարծիքին»:

«Ժառանգությունը» նաեւ ՀՀ ՍԴ-ին է փոխանցել իր հայտարարությունը, որտեղ նա պահանջում է հակասահմանադրական ճանաչել Հայ-թուրքական արձանագրությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: --

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:

2009 թվականի կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը: