12 հունվարի 2010 - 19:09 AMT
Շարմազանովը չի բացառել Արձանագրությունների հարցում վերապահումների հնարավորությունը ՀՀ ԱԺ-ի կողմից


«ՀՀ ՍԴ որոշումից պարզ է դառնում, որ դատարանը համակողմանիորեն ուսումնասիրել է Հայ-թուրքական արձանագրությունները եւ հաշվի է առել ընդդիմադիր քաղաքական ուժերի կարծիքն ու փաստագրական նյութերը, այդ թվում նաեւ ՀՅԴ ներկայացրած իրավաբանական եզրակացությունը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի, ՍԴ որոշման մեջ արտահայտվել է առավել նշանակալի երեք հանգամանք` Արձանագրություններից բխող պարտավորությունները վերաբերում են միայն Հայաստանին ու Թուրքիային, ոչ թե որեւէ երրորդ երկրի, նշված փաստաթղթերը չեն նախատեսում վիճահարույց հարցերի լուծում, քանի որ այդ նպատակների համար կողմերը պետք է նոր պայմանագրեր կնքեն: «Եվ վերջինը, իրավակիրառության ինչպես հայկական, այնպես էլ միջազգային պրակտիկայում Արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել որպես հակասող ՀՀ Սահմանադրությանը եւ ՀՀ անկախության մասին հռչակագրին»,-նշել է Շարմազանովը: Ըստ նրա, Անկախության հռչակագրում սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը պետք է հետեւողական լինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե կարող է արդյոք ՀՀ խորհրդարանը վերապահումներ մտցնել Արձանագրություններում` Շարմազանովն ասել է, որ քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել: «Սակայն ՀՀԿ-ն միշտ հստակ է արտահայտել իր դիրքորոշումը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ` հայտարարելով, որ այնտեղ չկան նախապայմաններ եւ Հայաստանը միակողմանի կարգով ոչ մի պարտավորություն չի ստանձնել»,-ասել է նա: