13 հունվարի 2010 - 15:09 AMT
Բաքվում հայկական ջարդերը Արեւելյան Անդրկովկասում Հայերի ցեղասպանության շարունակությունն էին


Բաքվում հայկական ջարդերը Արեւելյան Անդրկովկասում Հայերի ցեղասպանության շարունակությունն էին, որ սկսվել էին դեռեւս 20-րդ դարի սկզբին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵՊՀ պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «1980-ականների վերջերին Ադրբեջանի ողջ տարածքում բազում փորձերից հետո իրականացվեց Հայերի ցեղասպանություն: Ոչնչացվեց պետականություն ձեւավորող մի ժողովուրդ, որը մահմեդականների հետ միասին ակտիվորեն մասնակցել էր Խորհրդային Ադրբեջանի կազմավորմանը», - հայտարարել է քաղաքագետը: Նրա խոսքերի համաձայն, Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերը մինչ օրս բացահայտված չեն, բայց վաղ թե ուշ պարզ կդառնա, թե ինչու «գորբաչովյան Մոսկվան» այդ օրերին ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար:

«Այսօր անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ու ողջ աշխարհը գնահատական տա այդ իրադարձություններին: Անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել այդ հիմնախնդիրը տեղեկատվական դաշտում», - ընդգծել է քաղաքագետը:

Ինչպես նշել է Մանասյանը, գոյություն ունեն հսկայական վավերագրական փաստեր, որոնք վկայում են այդ ջարդերի մասին, հայերի սպանությունների մասին հրապարակվել են բազում քրեական գործեր, սակայն սպանվածների իրական թիվը դեռեւս հնարավոր չի եղել պարզել: