14 հունվարի 2010 - 17:45 AMT
Թուրքիան ձգտում է պարտադրել Հայաստանին ընդունել եւս մեկ «Մանդորֆյան հռչակագիր»
Թուրքիան իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չի ցանկանում որեւէ մեծ զիջումներ Հայաստանից: Այդ գործընթացի ձգձգման պատճառն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունում Անկարան ձգտում է պարտադրել Հայաստանին ընդունել եւս մեկ «Մանդորֆյան հռչակագիր»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Նույնիսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները կհակասեն Ադրբեջանի շահերին, Բաքուն հեշտ չի հրաժարվի Թուրքիայից», - նշել է նա:
Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը:
Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»:
Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը:
Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»: