15 հունվարի 2010 - 17:40 AMT
Արձանագրությունների վավերացման համար Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները «պետք է հասունանան»
Մինչ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների շուրջ քննարկումները, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները պետք է հասունանան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը:
«Մենք ուզում ենք արձանագրություններն ուղարկել խորհրդարան` քննարկման, եւ մենք իսկապես ուզում ենք, որ հարաբերությունները կարգավորվեն, սակայն այս անգամ զուր է քննարկել այս հարցը , քանի որ այն, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը հավանություն չի տալու», - ասել է նա:
Մերջանի խոսքերի համաձայն, թուրք ժողովուրդը զգայուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հարցում: « Երեւանի եւ Բաքվի միջեւ հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերը կօգնեն Թուրքիային արձանագրությունները վավերացնելու», - ընդգծել է Մերջանը, հաղորդում է Anatolian News agency:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների: Շվեյցարիան 2007 թ. -ից որպես միջնորդ է հանդես եկել հայ-թուրքական բանակցությունների ընթացքում: Փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ, փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 10-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանում են: