16 հունվարի 2010 - 11:51 AMT
Շառլ Ազնավուրը կլիպ կնկարահանի Հաիթիի երկրաշարժի տուժածների համար
Հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ եւս 34 երաժիշտներ, առավելապես Ֆրանսիայի ծովային տարածքներից եւ աֆրիկյան երկրներից, Փարիզում կնկարահանեն «Ժեստ թանկագին Հաիթիի համար» բարեգործական տեսահոլովակը:

Trace TV երաժշտական ալիքը հանդես է եկել նախաձեռնությամբ` հավաքել ֆրանսալեզու էստրադայի աստղերին, աջակցելու համար Հաիթիի բնակչությանը, որը տուժել է ավերիչ երկրաշարժից: Կոչին արձագանքել են ֆրանսիական Neg`Marrons ռեգի խումբը, որը գրել է երաժշտությունը, ռեպ-երաժիշտներ Passi-ն, Grand Corps Malade-ն եւ երգիչ Յուսսու Նդուրը: Յուրաքանչյուր մասնակից կգրի տեքստի մի հատվածը: Trace TV կսկսի տեսահոլովակի հեռարձակումն արդեն երկուշաբթի եւ կփոխանցի այն բոլոր հեռուստաալիքներին: Երգը կոչ կանի նվիրատվություններ անել Կարմիր Խաչի եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը` աջակցելու համար Հաիթիի բնակիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հունվարի 13-ին երկու հզոր երկրաշարժ տեղի ունեցավ կղզում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմեց 7 բալ Ռիխտերի սանդղակով: Տարերքը մեծ ավերածություններ գործեց Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում:
Զոհվածների հստակ քանակը հայտնի չէ: Տարբեր գնահատականներով զոհերի թիվը կարող է հասնել հարյուր հազարավորների: Տուժածների թիվը կհասնի շուրջ 3 միլիոնի:

1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց, Ազնավուրը ֆրանսիական էստրադայի աստղերի հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի ողջ հասույթն ուղղվեց աղետի գոտու վերականգնմանը:

Շառլ Ազնավուրը ֆրանսահայ շանսոնյե է եւ դերասան: Նրա իսկական անունն է Շահնուր Վաղինակ: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների ընտանիքում: Ազնավուրի մայրը ծագումով թուրքաբնակ հայ առեւտրականների ընտանիքից է, հայրը ծնվել է Ռուսաստանի կայսրության Թիֆլիսի նահանգում:

9 տարեկանից Ազնավուրը երգել է եւ հանդես է եկել բեմում, իսկ 1936-ին առաջին անգամ նկարահանվել է կինոյում: Սկզբնական շրջանում Ազնավուրը հանդես էր գալիս կոմպոզիտոր Պիեռ Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատեց Էդիթ Պիաֆն ու 1946թ. նրանք մասնակցեցին Պիաֆի շրջագայությանը Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Այդ ժամանակից ի վեր սկսվեց Ազնավուրի շանսոնյեի կարիերան: Սակայն վճռական բեկում երաժշտական Օլիմպում տեղի ունեցավ 1956թ.` Կասաբլանկայում եւ Փարիզում, որտեղ նա տեւական ժամանակ օրը երեք անգամ համերգներ էր տալիս «Օլիմպիա» հայտնի համերգասրահում: 1960-ականների սկզբին Ազնավուրը համերգներով հանդես եկավ Նյու Յորքի «Քարնեգի հոլ» եւ «Ambasador Hotel» համերգասրահներում, իսկ ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ֆիրմայում թողարկեց իր առաջին ամերիկյան ալբոմը: Ազնավուրը շուրջ հազար երգերի հեղինակ է, որոնք կատարել եւ կատարում է ինչպես ինքը, այնպես էլ Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը եւ այլոք: Ազնավուրը դուետով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Էլեն Սեգարայի հետ: Նա նկարահանվել է շուրջ 60 ֆիլմում եւ վաճառել է շուրջ 100 մլն սկավառակ: Ըստ «TIme» ամսագի եւ CNN-ի համատեղ հարցման (1998թ.) Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն կատարող:

2008թ. դեկտեմբերի 26-ին Շառլ Ազնավուրն դարձավ Հայաստանի քաղաքացի: Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց քաղաքացիություն շնորհելու մասին ոչ միայն Ազնավուրին, այլ նաեւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին: 2009թ. մայիսի 5-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ երկրի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում: