18 հունվարի 2010 - 12:51 AMT
ՀՀ խորհրդարանի խոսնակը հրավիրել է Եգիպտոսի իր պաշտոնակցին այցելել Հայաստան
Հունվարի 16-ին պաշտոնական այցով Կահիրեում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի հետ ընդլայնված կազմով:

Պարոն Սուրուրը ջերմորեն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը եւ հույս հայտնեց, որ այցի ընթացքում կողմերը համատեղ կաշխատեն պատմականորեն ջերմ եւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, այդ համատեքստում հատուկ նշելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը: Այնուհետեւ ԵԱՀ ԺԺ նախագահը մանրակրկիտ անդրադարձ կատարեց իր երկրի արտաքին քաղաքականության հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով Մերձավոր եւ Միջին Արեւելքում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում իր երկրի ջանքերին:

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հայտնեց իր զրուցակցին, որ լիովին համաձայն է հայ-եգիպտական հարաբերությունների իր գնահատականի հետ: Կարեւորելով երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական համագործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը 1997թ. հայ-եգիպտական միջխորհրդարանական համաձայնագրի դրույթներին: Ապա պարոն Աբրահամյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները` մասնավորապես անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացին, անմիջական հարեւանների հետ հարաբերություններին:

Երկկողմ համագործակցությունը քննարկելիս` զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել Հայաստանի եւ Եգիպտոսի առեւտրատնտեսական համագործակցությունը: Այդ համատեքստում նրանք կարեւորեցին 2010թ. ամռանը Երեւանում անցկացվելիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հնարավոր կլինի ամփոփել տնտեսական բնույթի մի շարք գործնական ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ հայ-եգիպտական քաղաքական երկխոսության արդի բարձր մակարդակը պահպանելու նպատակով անհրաժեշտ է շարունակել այն` օգտագործելով փոխադարձ այցելությունների ընձեռած հնարավորությունները: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը հրավիրեց ԵԱՀ ԺԺ նախագահ Սուրուրին պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:

Հունվարի 16-ի երեկոյան ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԵԱՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին բազմաթիվ եգիպտացի պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված դեսպաններ եւ բարձրաստիճան դիվանագետներ, լրատվության զանգվածային միջոցների աշխատակիցներ, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ:

Մինչեւ ընդունելության սկսվելը պարոն Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ-ում ՀՀ դեսպանության Բարեկամների խորհրդի անդամների հետ: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին իրենց հայրենանվեր գործունեության համար` գնահատելով դեսպանության հիմնադրման պահից նրանց ցուցաբերած աջակցությունը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց Հայաստան-Սփյուռք միասնությունը եւ նշեց, որ նաեւ դրա շնորհիվ հայ ժողովուրդն ի զորու է ամրապնդել իր պետականությունը եւ հաղթահարել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նաեւ սիրով պատասխանեց եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Ի նշանավորումն հայ-եգիպտական բարեկամության` ընդունելությանը նաեւ մասնակցեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը, ով սովորաբար չի մասնակցում նման միջոցառումների: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին նա մոտեցավ ներկաներին, զրուցեց եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ ԵԱՀ ԺԺ նախագահը աշխատանքային ջերմ զրույց ունեցան դեսպանությունում` քննարկելով պարոն Սուրուրի ՀՀ կատարելիք այցի հնարավոր ժամկետները:

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Եգիպտոսի ազգային թանգարան, ինչպես նաեւ Գիզայի բուրգեր եւ «Շամս» թանգարան` ծանոթանալու հին Եգիպտոսի հարուստ պատմությանը եւ նյութական մշակութային ժառանգությանը:

Հունվարի 18-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիֆի հետ: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Երեւան, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: