19 հունվարի 2010 - 15:53 AMT
Թուրքիայի հետ հարաբերություններում նվազագույն զիջումը ավերիչ հետեւանքների կհանգեցնի Հայաստանի համար
Մադրիդյան սկզբունքների եւ հայ-թուրքական Արձանագրությունների հրապարակումից հետո Հայաստանի հասարակայնությունը պետք է քայլեր ձեռնարկի վերոհիշյալ փաստաթղթերից բխող բոլոր բացասական հետեւանքների կանխման համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Հայկական ընտրություն» ստեղծվող կուսակցության նախաձեռնողական խմբի անդամ Ալեքսանդր Կանանյանը:

Նրա խոսքով, մինչ օրս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել եւ նախկինում նախատեսված բոլոր ծրագրերը իրականացվելու են:

Կանանյանն առաջարկում է բացատրել եւ հայ բնակչության շրջանում արմատացնել այն, որ հայ-թուրքական մերձեցման եւ ղարաբաղյան կարգավորման հարցում նվազագույն զիջումը ավերիչ հետեւանքների կհանգեցնի ոչ միայն ԼԶՀ, այլեւ հայ պետականության համար առհասարակ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն: