20 հունվարի 2010 - 14:48 AMT
Երրորդ պարտությունից հետո «Փյունիկը» դուրս մնաց Համագործակցության գավաթի համար պայքարից
Երեւանի ֆուտբոլի «Փյունիկ» ակումբն ավարտել է իր ելույթները «ԱՊՀ եւ Բալթիայի երկրների չեմպիոնների գավաթի» մրցաշարում, որն անցնում է Մոսկվայում հունվարի 15-25-ը:

Հայաստանի բազմակի չեմպիոնը երեք խաղում երեք պարտություն է կրել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: «Փյունիկի» կազմում հիմնականում լեգիոներներ են հանդես գալիս, որոնք փորձաշրջան են անցնում ակումբում:

«Փյունիկի» մասնակցությամբ խաղերն ավարտվել են հետեւյալ կերպ.

«Փյունիկ»-«Էկրանաս»` Լիտվա-0:2
«Փյունիկ»-«Բունեդկոր»` Ուզբեկստան-2:3
«Փյունիկ»-«Դաչիա»` Մոլդովա-1:6:

«Փյունիկը» ստեղծվել է 1996թ.: Սկզբնական շրջանում այն կոչվում էր «Արմենիկում»: Ակումբն առաջին անգամ մասնակցել է ՀՀ առաջնությանը 2000թ. առաջին խմբում, որտեղ թիմը միանգամից չեմպիոնի կոչում նվաճեց: Մինչ խաղարկության սկիզբը ակումբի նախագահն էր Արարատ-73 լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Աբրահամյանը: «Փյունիկը» ինը անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009 թթ.), 2002, 2004, 2009թթ. եղել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2002, 2004, 2005, 2007, 2008թթ. Հայաստանի սուպերգավաթի մրցաշարի հաղթողը: