21 հունվարի 2010 - 13:11 AMT
Օգյուն Սամաստի Ստամբուլ մեկնելու մասին հայտնի էր Դինքի սպանությունից երկու օր առաջ
Տրաբզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեկը դատարանին նոր տեղեկություններ է ներկայացրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով:

Նախկին ոստիկանապետի ներկայացրած տեղեկությունները վերաբերում են Դինքի սպանության համար կասկածվող Օգյուն Սամաստին: Ըստ նրա, Սամաստին հետեւել են, երբ նա ժամանել է Ստամբուլ: «Նրա ընկերները դիմավորել են նրան Ստամբուլում»,-ասվում է վկայությունների մեջ: Եթե դա ճիշտ է, ապա ստացվում է, որ Օգյուն Սամաստի Ստամբուլ մեկնելու մասին հայտնի էր Դինքի սպանությունից երկու օր առաջ:
«Հրանտ Դինքի սպանությունն ու հետախուզական ծառայության սուտը» գրքի հեղինակ, լրագրող Նեդիլ Շեները այդ առնչությամբ հայտարարել է, որ հետախուզական կոմիտեն մեղադրել է Աքյուրեկին եւ եւս երկու ոստիկանի պարտականությունների թերացման համար, եւ նրանք ճանաչել են իրենց մեղքը: «Եթե նրանք գիտեին, որ Սամաստը Ստամբուլում հանդիպել է իր ընկերների հետ, ապա հետախուզական ծառայության որ ստորաբաժանումներն են հետեւել նրան: Ի՞նչ տվյալների պետք է տիրապետեր Ռամազան Աքյուրեկը, դա իմանալու համար»,-հարցնում է Շեները, գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը:

Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով: