21 հունվարի 2010 - 15:38 AMT
Ալեքսանդր Արզումանյան. Ոչ ոք հաստատապես չգիտի, թե ինչ է քննարկվել ՀՀ ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ
«Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունն Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի հեռախոսազրույցի մասին ուղղված էր ներքին լսարանին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի, ոչ ոք հաստատապես չգիտի, թե ինչ է քննարկվել ՀՀ ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ: «Սակայն, ես շատ եմ կասկածում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում նման հստակ եւ կոշտ շեշտադրումներ է արել Թուրքիայի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման վերաբերյալ»,-ասել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: