21 հունվարի 2010 - 18:49 AMT
Էդվարդ Աբրամյան. «Միայն հավատի վրա հիմնվելով քաղաքականություն չես կառուցի»
Թեեւ ՌԴ վարչապետի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները տարբերվում էին իրարից կառուցվածքով, սակայն, ըստ էության, ե'ւ Պուտինը, ե'ւ Լավրովը այն միտքն էին արտահայտում, որ աննպատակահարմար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի համալիր լուծումը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Հայաստանի նոր պահպանողական շարժման ղեկավար Էդվարդ Աբրամյանը, մեկնաբանելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ:

«Ի դեպ, ոչ միայն Մոսկվան, այլեւ Վաշինգտոնը այն կարծիքն են արտահայտել, որ այս երկու հարցերն իրար չպետք է կապել: Մենք պետք է միայն հավատանք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի անկեղծությանը, սակայն քաղաքականությունը միայն հավատի վրա չես կառուցի, քանի որ քաղաքական հայտարարությունների լավագույն չափանիշը գործերն են, որոնք հաստատում են հայտարարությունները», - ասել է Աբրամյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:

2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:

Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասի բյուրոն որոշում է ընդունում ԼՂՀ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ ներգրավելու մասին եւ ձեւավորում է ԼՂ ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂԻՄ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը պահանջում էր մայր հայրենիքին` Հայաստանին վերամիավորում: Սակայն ԽՍՀՄ իշխանությունները չեն աջակցում ժողովրդի ցանկությանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ ձեւավորվում է ԼՂՀ առաջին կառավարությունը: