21 հունվարի 2010 - 21:35 AMT
Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդել
Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են անցյալ տարվա ընթացքում եվրաինտեգրման Հայաստանի քաղաքականության հաջողությունների մասին եւ գոհունակություն հայտնել, որ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման գործնական քայլերը:

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` ընկերակցության համաձայնագրի մշակումը, ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մտքի արտոնագրերի տրամադրման հեշտացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Եվրոպական միություն (ԵՄ) -Եվրոպական 27 պետությունների միավորում, որը ստորագրել է Եվրոպական միության մասին պայմանագիր: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ է, որն ունի միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություն եւ մեծ դեր է խաղում այդ հարաբերություններում: ԵՄ նախագահը իր պաշտոնը վեց ամիս գրավում է ռոտացիայի ճանապարհով: