23 հունվարի 2010 - 17:10 AMT
«Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան կկայանա Երեւանում հունվարի 25-ին
«Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 25-ին Երեւանում` «Մոսկվա» կինոթատրոնում:

80-րոպեանոց անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 8 տարվա ընթացքում: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 2001 թվականին, իսկ նկարահանումները` 2002-ին եւ շարունակվեցին մինչեւ 2009 թվականի դեկտեմբերը:

Համանուն հայկական էպոսի հիման վրա նկարահանված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի բյուջեն կազմել է 350 միլիոն դրամ:

Սցենարի հեղինակն ու գլխավոր ռեժիսորը Արման Մանարյանն է, նկարող-բեմադրիչը` Վարդան Զաքարյանը:

Ֆիլմը հնչյունավորել են հայկական կինոյի եւ թատրոնի ամենահայտնի վարպետները` Կարեն Ջանիբեկյանը, Երվանդ Մանարյանը, Վահագն Գրիգորյանը, Ժենյա Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը եւ ուրիշներ:

«Սասնա ծռերը» առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, «Սասնա ծռեր» հայկական էպոսի առաջին էկրանավորումը: