23 հունվարի 2010 - 17:33 AMT
Թուրքիան Հայաստանի կառավարությունից պահանջում է իրավաբանական բացատրություն
Թուրքիան բացատրության կարիք ունի այն մասին, թե արձանագրությունների վրա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Գործարարների հայ-թուրքական միության համանախագահ Քահան Սոյակը` մեկնաբանելով արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումը եւ այդ առթիվ Թուրքիայում առաջացած հակազդեցությունը: Նրա խոսքերի համաձայն, Թուրքիայում ոչ ոք չգիտի, թե ինչ իրավաբանական ուժ ունի Հայաստանի ՍԴ որոշումը: «Թուրքիային Հայաստանի իշխանությունների իրավաբանական բացատրությունների կարիքն ունի, այլ ոչ քաղաքական հայտարարությունների», - ասել է Քահան Սոյակը:

Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ Թուրքիայի գործարարները ցանկանում են, որպեսզի արձանագրությունները կարճ ժամանակահատվածում վավերացվեն, առանց ձգձգումների: «Մենք երկու երկրների իշխանություններին կոչ ենք անում` այս հարցի շուրջ չստեղծել խնդիրներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցերին, քանի որ այս հարցերի քննարկումները զարգացման չեն տանի մեզ», - ասել է Քահան Սոյակը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:

2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: