17 հունիսի 2003 - 22:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ» ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ
Բնակչությանը «խորհրդային» խնայողական ավանդները վերադարձնելու մասին «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունն ընդգրկված չէ նոր կառավարության գործունեության ծրագրում, որում այդ կուսակցությանը տրամադրված է երեք նախարարական պաշտոն: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, տվյալ առաջարկությունը չի ընդունվել` նկատի ունենալով դրա անիրական լինելը: Նախարարը նշել է, որ ծրագրում չի ընդգրկվել նաեւ երկրում մասնագիտացված պետմարմին ստեղծելու ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՅԴ կուսակցության առաջարկությունը: Նրա կարծիքով` նման մարմնի ստեղծումը երկրում առաջ կբերի կոռուպցիայի մակարդակի բարձրացում: Նա ավելացրել է, որ համապատասխան բանակցություններից հետո, «Դաշնակցություն» կուսակցությունն ինքն է հանել այդ հարցը: Նշենք, որ այդ կուսակցությանը նոր կառավարությունում նույնպես բաժին է հասել երեք նախարարական պաշտոն: