6 փետրվարի 2010 - 13:04 AMT
Վահրամ Աթանեսյան. Եվրոպայի ադրբեջանական համայնքները ստիպել են Euronews-ին միակողմանի հաղորդում հեռարձակել


Euronews-ի «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականների ճամբարում» ռեպորտաժը չի համապատասխանում լրագրողական էթիկայի կանոններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ըստ նրա, այնպիսի ալիք, ինչպիսին Euronews-ն է, պետք է եվրոպական հանրությանը ներկայացնի հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը: «Նման ռեպորտաժի մասին միայն կարելի է ափսոսել»,-ասել է Աթանեսյանը` հավելելով, որ Եվրոպայի ադրբեջանական համայնքներն այնուամենայնիվ իրենց գործն արեցին եւ ստիպեցին Euronews-ին միակողմանի հաղորդում հեռարձակել:

«Ղարաբաղում եւս կան փախստականներ Բաքվից ու Սումգաիթից, եւ ես ցավում եմ, որ նրանց ձայնը լսելի չէ Եվրոպայում»,-ասել է Աթանեսյանը: Ընդ որում, նա նշել է, որ հայկական կողմը պետք է համարժեք քարոզչական գործողությունների դիմի, որպեսզի աշխարհն իմանա նաեւ հայ փախստականների մասին:

«Ղարաբաղի համապատասխան կառույցները պետք է բարձրաձայնեն իրենց դժգոհությունն այդ ռեպորտաժի առնչությամբ»,-ասել է Աթանեսյանն ու հավելել է, որ ղարաբաղյան կողմը պարտադիր պետք է արձագանքի նման հարցերի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: