5 փետրվարի 2010 - 18:10 AMT
10 երգ կպայքարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար


Հայաստանի հանրային հեռուստատեսության ստեղծագործական խորհուրդը 30 ներկայացված հայտերից ընտրել է 10 երգ, որոնք կմասնակցեն Եվրատեսիլ-2010 երգի մրցույթին: Երգերը կներկայացվեն փետրվարի 14-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Հանդիսատեսի քվեարկության եւ ժյուրիի որոշմամբ հայտնի կդառնա հաղթողը, որն էլ կներկայացնի Հայաստանն Օսլոյում: Եզրափակիչների բեմ դուրս գալու կարգը կորոշվի փետրվարի 11-ին Հ-1-ի ուղիղ եթերում:

Ազգային փուլի եզրափիչ են դուրս եկել Another Story Rock-band խումբն «Այս ձմեռ» երգով, Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով, Նիկ Եգիբյանը «Countdown» երգով, Էմմին ու Միհրանը «Hey» (Let Me Hear You Say) երգով, Դավիթ Աշոտյանը «Infected Dreams» երգով, Մարիա Կիզիրյանը «Little Red Riding Hood» երգով, Ռազմիկ Ամյանը «My Love» երգով, Սոնյան «Never» երգով, Անի Արզումանյանն «The Mermaid Song» երգով եւ Մելինե Բեգլարյանը «We Must Believe» կոմպոզիցիայով:

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը: