25 հունվարի 2010 - 19:56 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ ՄԽ հետ կհանդիպեն Ադլերի օդանավակայանում


Երեւանյան ժամանակով 20:00-ին կմեկնարկի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանդիպումը կկայանա Ադլերի օդանավակայանում:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն առաջինն է 2010 թվականին: 2009-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են 6 անգամ:

ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):

«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն: