26 հունվարի 2010 - 10:54 AMT
Մոսկվայում կրկին Հայաստանի քաղաքացի է սպանվել


Անհայտը Մոսկվայի հյուսիսում լույս երեքշաբթվա գիշերը կրակել է Հայաստանի քաղաքացու վրա:

Սպանությունը կատարվել է սրճարանում, որը գտնվում է Դմիտրովի խճուղու թիվ 133 տանը:
«Անհայտը մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, որը մի կնոջ հետ նստած էր սրճարանի սեղաններից մեկի մոտ , որից հետո անհետացել է: Տուժածը ստացած վերքերից տեղում մահացել է»,-ասել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում:

Հարձակման ականատեսների տվյալներով, կրակողը կովկասցու արտաքին ուներ: Պատահարի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է հանցագործության հանգամանքներն ու զենքի տեսակը:

«Չի բացառվում, որ հանցագործությունը կատարվել է վեճից հետո եւ հանցագործը կրակել է տրավմատիկ ատրճանակից»,-ասել է աղբյուրը: Թե ինչով էր զբաղվում սպանվածը մայրաքաղաքում, դեռ պարզվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: