5 փետրվարի 2010 - 14:40 AMT
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում ԱՊՀ գործարար ոլորտի առաջատարների համաժողովին


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Իգոր Շուվալովը նշել է, որ իր այցի հիմնական նպատակը 2010 թ. ԱՊՀ երկրներում Ռուսաստանի ներչկայացուցչություններում մեկնարկած առաջնահերթ միջոցառումների քննարկումն է: Այդ առնչությամբ նա ներկայացրել է ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության նախատեսված եւ իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ օրակարգով նախատեսված ծրագրերը: Մասնավորապես նա ընդգծել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված, տրանսպորտի եւ էներգետիկայի հարցերին, միասնական միգրացիոն ծրագրերին վերաբերող հարցերը: Դրանից բացի, կողմերը քննարկել են ԱՊՀ երկրներում տնտեսական հարաբերությունների խորացման եւ հայ-ռուսական համագործակցության հարցեր:

ԱՊՀ հարցերով ՌԴ ազգային համակարգողը ընդգծել է, որ իր նախագահության շրջանակներում փորձում է խորացնել բազմակողմ հարաբերությունները եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը:

Իգոր Շուվալովը ներկայացրել է այն քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ մաքսային միություն ձեւավորելուն:

ԱՊՀ գործերով ՀՀ ազգային համակարգող, փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Հայաստանն արդեն հաստատել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք անցկացվելու են Հայաստանի ողջ տարածքում: Այս տարի նաեւ անցկացվելու են Դելֆյան խաղեր:

Շուվալովը Գեւորգյանին հրավիրեց մասնակցելու ԱՊՀ գործարար ոլորտի առաջատարների համաժողովին, որը տեղի կունենա մարտի 5-ին, Մոսկվայում:

Ժամանակակից Դելֆյան խաղերը ընդգրկում են մրցույթներ, փառատոներ, արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Դելֆյան խաղերը սկիզբ են առել հին Հունաստանում: 20-րդ դարի վերջին Դելֆյան խաղերը վերականգնվել են:

Հայրենական մեծ պատերազմ - 1941-1945 թթ. Խորհրդային Միության պատերազմն էր ընդդեմ Գերմանիայի եւ նրա եվրոպական դաշնակիցների` Հունգարիայի, Իտալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Իսպանիայի:

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է:

ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն եւ Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում:

ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:
Հայաստանը ԱՊՀ անդամ դարձավ 1992թ. փետրվարի 18-ին: