5 փետրվարի 2010 - 13:24 AMT
«ԲԱՏԷ»-ն «Աուստրիային» զիջեց պենալտիների շարքում


Փետրվարի 4-ին բելառուսական «ԲԱՏԷ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, «SOCHI SOCCER CUP» մրցաշարում հանդիպեց վիեննական «Աուստրիայի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի հաշվով` 1:1 եւ հաղթողը որոշվեց պենալտիների շարքով:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, տասնմեկմետրանոց հարվածների կատարման ժամանակ ավստրիացիներն ավելի ուժեղ էին եւ հաղթեցին 11:12 հաշվով:

Այդպիսով, փետրվարի 5-ին 3-րդ տեղի համար «ԲԱՏԷ»-ն իր ուժերը կչափի «Ժեմչուժինա» (Սոչի) ՖԱ հետ, որը նույնպես պենալտիներով պարտվեց չեխական «Վիկտորիային» 4:1 հաշվով: «Վիկտորիայի» եւ «Աուստրիայի» միջեւ եզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին:

«ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը բելառուսական ակումբ է Բորիսով քաղաքից: Թիմը հիմնվել է 1973թ., վերսկսել է գործել 1996թ.: Առաջին բելառուսական ակումբն է, որ անցել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային փուլերը:

«ԲԱՏԷ»-ն Բելառուսի բազմակի չեմպիոն է` 1999, 2002, 2006, 2007, 2008թթ., արծաթե մրցանակակիրն էր 1998, 2000, 2003, 2004թթ. եւ բրոնզե մրցանակակիրն էր 2001թ.: Ակումբը եղել է նաեւ երկրի Գավաթի մրցաշարի հաղթողը 2006թ.: