4 փետրվարի 2010 - 19:06 AMT
Հայաստանի 100 հազար բնակիչներին 227 քաղցկեղով հիվանդ է բաժին ընկնում


Ամեն տարի աշխարհում քաղցկեղի հիվանդության 12 մլն դեպք է հայտնաբերվում, որոնցից 7 մլն-ը մահացու ելք են ունենում: Աշխարհի շատ երկրներում քաղցկեղով հիվանդների քանակն ամեն տարի աճում է 2-4%-ով: Հայաստանում այդ թիվը կազմում է 3%: Ուստի փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր է հայտարարվել:

«Քաղցկեղի նախնական փուլերը հաջողությամբ կարելի է բուժել 5 մեթոդներով, որոնք կիրառվում են ուռուցքաբանության կենտրոնում: Դրանք են վիրահատության, ճառագայթման, քիմիոթերապիայի, իմմունոթերապիայի եւ հորմոնոթերապիայի մեթոդները: Ոչ մի այլ մեթոդներ, այդ թվում` ժողովրդական բժշկությունը, չեն կարող օգնել այդ հիվանդության բուժմանը: Քաղցկեղի բուժման ցանկացած չլիցենզավորված մեթոդներ հանցագործություն են հանդիսանում»,- փետրվարի 4-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ազգային ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ամենից տարածված են թոքերի (2009 թվականին հիվանդության 1276 դեպք), կաթնագեղձի (990 դեպք) եւ ստամոքսի (580 դեպք) քաղցկեղը: Հայաստանի 100 հազար բնակիչներին 227 քաղցկեղով հիվանդ է բաժին ընկնում: Հիվանդների 52%-ը կանայք են, 48%-ը` տղամարդիկ:

Գագիկ Բազիկյանն ընդգծեց, որ քաղցկեղի բուժումը բավական թանկ արժե, սակայն այսօր կենտրոնի 9000 հիվանդներ հիմնական բուժումը ստանում են պետպատվերի շրջանակներում: Կենտրոնում անվճար է նաեւ հետազոտությունը, եթե հիվանդները համապատասխան փաստաթուղթ ունեն շրջանային պոլիկլինիկայից: Պրոֆեսորը նաեւ նշեց, որ գոյություն ունեն իրենց միջոցները քաղցկեղի բուժմանն ուղղող հինադրամներ:

Սակայն, բժշկի խոսքով, պրոֆիլակտիկան բուժումից ավելի լավ է: Ուստի առողջ լինելու համար նա խորհուրդ տվեց քիչ անհանգստանալ, չհուզվել մանրուքներից, ուրախ ապրել եւ հետեւել սննդի օրակարգին: Բացի դրանից, նա 45 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 49 տարեկանից բարձր կանանց խորհուրդ տվեց ամեն տարի հետազոտություն անցնել: